ՀԱԿ-ում պառակտումներ չկան, իսկ ՀՀԿ-ն վառված է մեզնից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենք դա ապացուցել են առաջին քառօրյայի ժամանակ: Նրա խոսքով, Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետեւում թաքնվում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ծրագիրը:
«Ազգային ժողովում տեղի ունեցած՝ Սահմանադրության նոր նախագծի քննարկումների արդյունքներն են. նախ մեզ հաջողվեց ապահովել նիստերի ուղիղ հեռարձակումները Հանրային հեռուստաընկերության եթերով: Իշխանությունները ստիպված եղան ընդունել մեր առաջարկը, մեր ամբողջ ժողովուրդն էլ տեսավ իրականությունը: Երկրորդը, մեզ հաջողվեց ջախջախել դիտարկումները, որոնք փորձում են փաթաթել ժողովրդի գլխին, այն է, թե կիսանախագահական մոդելը բազմաթիվ վատ կողմեր ունի, նույնիսկ ֆաշիզմ է առաջացնում»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ տեսնելով որ այլեւս ոչինչ անել չեն կարողանում՝ իշխանությունները սկսել են տեղեկություններ տարածել, թե իբր ՀԱԿ-ում պառակտումներ կան, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում. «Իրանք իրականում վառված են, եւ 3 տարի տարբեր ճնշումներ են օգտագործել մեր խմբակցության վրա, սակայն մեր խմբակցությունն ամուր է, պինդ է, արդյունավետ է, որոշումներ են ընդունում»:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում: Նախատեսվում է, որ այն քվեարկության կդրվի հոկտեմբերի սկզբին, իսկ արդեն դեկտեմբերին կլինի հանրաքվեն:





























