Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որեւէ առաջարկ չի ներկայացրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ ՀՀԿ-ի՝ ՀԱԿ-ը 16 առաջարկ է ներկայացրել:
«Վտանգավոր երեւույթ է, ՀՀԿ-ն հալյուցինացիաներ ունի, որովհետեւ ՀԱԿ-ը ոչ մի առաջարկություն չի ներկայացրել: Հնարավոր է՝ առանձին մի պատգամավոր առաջարկություն ներկայացրած լինի, սակայն դա խմբակցությունը չէ: Այդ պատճառով եմ ասում, որ վտանգավոր է, որ ՀՀԿ-ն խմբակցությունը չի տարբերում առանձին պատգամավորի գործունեությունից»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկել նախագիծը:
Նշենք, որ առաջիկա շաբաթ սպասվում են բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանդիպումները խմբակցության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ներկայացրած առաջարկությունները:





























