ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դեմ է ՀԷՑ–ի ազգայնացմանը։ Այսօր` սեպտեմբերի 25–ին, պատգամավորը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ հարցում պետությունը լավ սեփականատեր չի կարող լինել։

«ՀԷՑ–ը պետք է արդյունավետ աշխատի, իսկ պետության սեփականություն հանդիսանալը ամենաարդունավետ ձեւը չէ։ Պետությունը վատ սեփականատեր է։ Մասնավոր սեփականությունն ամենալավ ձեւն է»,– ասաց Գագիկ Մինասյանը։

ՀԷՑ–ը օֆշորային ընկերությանը վաճառելու մեջ պատգամավորը վատ բան չի տեսնում։

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, դրա մեջ ոչ մի վտանգ չկա»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի 100 տոկոսի սեփականատեր Inter RAO Holding B. V. ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ:

Liormand Holdings Limited ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ. նոյեմբերից: Համապատասխան տվյալները հրապարակել է i-cyprus.com ոչ պաշտոնական կայքը, որը տեղեկություններ է ներկայացնում Կիպրոսի ռեգիստրում գրանցված ձեռնարկությունների մասին: