«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպելու է ժողովրդի հետ եւ ներկայացնելու «Այո»-ին կողմ լինելու վերաբերյալ իրենց մոտեցումները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

«Մենք միշտ ենք ասել, որ ԲՀԿ-ն երբեք չի լինելու դիտորդի դերում, մենք չենք կարող լինել ոչ հրապարակային գործունեության մեջ: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին, մենք հանդիպելու ենք մեր կուսակցության համակիրների հետ՝ ներկայացնելու մեր մոտեցումները»,- ասաց Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Սահմանադրության նոր նախագծին, ազատ քվեարկության մասին խոսք լինել չի կարող. «Կխնդրեի չմիջամտել մեր կուսակցության ներքին կյանքին: Մնացած հարցերին էլ կպատասխանեմ հոկտեմբերի 5-ից հետո»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար զարմանալի չէ, որ ԲՀԿ-ն միանում է «Այո»-ի քարոզարշավին:

«Քաղաքական ուժերը հասկացան, որ մենք կատարում ենք ընդդիմադիր գործիչների աշխատանքը: Իսկ այն մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք դեմ են Սահմանադրության նոր նախագծին, այդպես են վարվում, որովհետեւ մենք կողմ ենք Սահմանադրությանը»:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում: Նախատեսվում է, որ այն քվեարկության կդրվի հոկտեմբերի սկզբին, իսկ արդեն դեկտեմբերին կլինի հանրաքվեն: