Արտեմ Միկոյանը սրբազան անուն է ռուսական ավիաշինարարության եւ մեր կորպորացիայի համար: Այս մասին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՄիԳ» կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Միխայիլ Գլոբենկոն: Գլխավոր տնօրենի խորհրդականը Հայաստան է ժամանել այն պատվիրակության կազմում, որն այսօր Սանահին գյուղում մասնակցելու է Արտեմ Միկոյանի 110 ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Արտյոմ Հովհաննեսին իսկական հանճար էր: Ոչ մի ինքնաթիռաշինական կորպորացիա այդքան մեծ քանակության օդանավ չի թողարկել ՝ 60 հազար, ու դրա հիմքը դրել է Միկոյանը: Ռեկորդների հսկայական քանակություն կա նաեւ շահագործման ժամկետներում: Օրինակ «ՄիԳ-21» շահագործվում է 50 ականների վերջից»,- նշեց Միխայիլ Գլոբենկոն:

Նրա խոսքով ՝ գտնվելով Հայաստանում, իրենք չէին կարող չայցելել ռուսական ավիաբազա:

«Շատ հաճելի է լսել, որ այստեղ օդանավային պարկը 100 տոկոսով սարքին վիճակում է: Սա վկայում է կորպորացիայի կողմից արտադրվող տեխնիկայի բարձր հուսալիության մասին, ինչի հիմքերը նույնպես Միկոյանն է դրել»,-շեշտեց «ՄիԳ» կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդականը: