ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները մեկնել են Տավուշի մարզի սահմամերձ գյուղեր՝ աջակցելու առաջին գծում կանգնած զինծառայողներին։ Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Փետրվարից սկսած ԵԿՄ-ականները մեկնում են դիրքեր լարված իրավիճակից հետո, որպեսզի բարոյապես աջակցեն, կանգնեն հայ զինվորի կողքին եւ գոտեպնդեն նրանց: Մանվել Գրիգորյանն այս անգամ անձամբ չի մեկնել, բայց նա էլ ժամանակ առ ժամանակ լինում է առաջնագծում»,-ասաց նա՝ նշելով, որ ԵԿՄ-ականները դիրքեր են մեկնում ՊՆ հետ փոխադարձ համաձայնությամբ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան հակառակորդն ինտենսիվ գնդակոծել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:

Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:

Ըստ ՊՆ-ի ունեցած տեղեկատվության՝ ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: