Ճարպակալումը շատ լուրջ հիվանդություն է. առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այդ հիվանդությամբ տառապում է աշխարհի յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

Նրա հավաստմամբ, մարմնի ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցողների թիվը գնալով աճում է: «Բայց որ ամենացավալին է, հիվանդությունն ավելի ու ավելի է երիտասարդանում»,- նշեց մասնագետը՝ որպես ճարպակալման պատճառներ նշելով սխալ սննդակարգը եւ առօրյայում քիչ շարժվելը։ «Գիրանալուն նպաստում է էներգիայի դիսբալանսը, այսինքն՝ մարդու կողմից ընդունված կալորիաները չեն սպառվում այն չափով, որով պետք է սպառվեն։ Ճարպակալության են բերում նաեւ նյութափոխանակության լուրջ խնդիրները»,- նշեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

Առողջապահության նախարարության ֆիզիոթերապիայի եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ճարպակալումը հաղթահարելի խնդիր է: «Առողջապահության նախարարությունը առաջնային բուժօգնության բոլոր բժիշկներին ցուցում է տվել ստուգել նախեւառաջ իրենց մոտ եկած յուրաքանչյուր հիվանդի մարմնի զանգվածի ինդեքսը՝ անհրաժեշտ ճարպակալության դեպքում օգնություն տրամադրելու համար։ Իսկ ընդհանրապես, գիրությունը հետեւանք է ֆիզիկական թերակտիվության եւ ճարպոտ սննդի»,- նշեց Վարդանուշ Պետրոսյանը՝ հավելելով, որ արտասահմանյան մի շարք երկրներում կան եւ գործում են ազգաբնակչության առողջ սննդի եւ ճարպակալության խնդիրներով զբաղվող միջգերատեսչական կոմիտեներ։

Բժիշկ-դիետոլոգը նշեց նաեւ, որ նորմայի սահմաններում է ամսական 1 կգ նիհարելը։ «Մարդիկ չպետք է նպատակ դնեն միանգամից, շատ արագ նիհարել։ Նրանք դա չպետք է անեն միայնակ, այլ պետք է դիմեն մասնագետի օգնությանը։ Արագ նիհարելը վնասում է օրգանիզմին։ Մեկ ամսում 4 կգ-ից ավել նիհարելը մեծ սթրես է օրգանիզմի համար»,- ավելացրեց մասնագետը։

Վերջում Վարդանուշ Պետրոսյանն ընդգծեց, որ 2007 թվականի տվյալներով, Հայաստանում ճարպակալության հետ կապված խնդիրներ ունի բնակչության 56 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ում մարմնի ավելորդ քաշ ունի բնակչության ավելի քան 68 տոկոսը։