Սահմանադրության նոր նախագիծը թույլ է տալիս վերացնել քաղաքական մենաշնորհը՝ մեծացնելով ընդդիմության դերակատարությունը երկրի կառավարման գործընթացներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Մի շարք կարեւորագույն օրենքներ առանց ընդդիմության մասնակցության չեն ընդունվի, իսկ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի, դա նշանակում է, որ նոր Սահմանադրությամբ չափազանց մեծանում է ընդդիմության դերակատարությունը»,- ասաց պատգամավորը։

Գագիկ Մինասյանը նշեց, որ նոր Սահմանադրության նախագծով օրենսդրական դաշտում մեծանում է նաեւ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում, ինչը կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը:

Պատգամավորի խոսքով՝ իրականացվող իրազեկման աշխատանքների մակարդակը հնարավորություն է ստեղծում հանրության համար նախքան հանրաքվեն ծանոթանալ Սահմանադրական բարեփոխումների նախագծի դրույթներին եւ արդյունավետությանը։

«Սահմանադրական բարեփոխումների նախագծի ձեւավորման ընթացքը չափազանց թափանցիկ է եղել: Շուրջ երկու տարի առաջ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողովը, լայն քննարկումներ, գիտաժողովներ են անցկացվել, որոնց արդյուքում ձեւավորվել են հայեցակետերը: Դրանք հանրությանը հայտնի են, մինչեւ հանրաքվեն ժողովուրդը կտեղեկանա փոփոխությունների մասին իրազեկման միջոցով»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում էանցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:

Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են մի շարք քաղաքացիական եւ քաղաքական նախաձեռնություններ, որոնք ձեւավորել են «Ոչ»–ի ճակատ: