Երեւանից Խոր Վիրապի վանք տանող մայրուղին փակ է։ Արարատի մարզի մի քանի հարյուր խաղողագործները այսօր` սեպտեմբերի 25–ին, ժամը 14։00–ի մոտ, չմթերված խաղողով լցված բեռնատարներով փակել են ճանապարհը` պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը։

«Մասիսի «Նոյ» գործարանից խաղողով լցված 15 մեքենա հետ են վերադարձրել: Ամեն 6-րդ մարդուն պատճառ են բռնում, թե Ձեր խաղողը լավը չի, հետ են ուղարկում: Մարդիկ էլ 2 օր հերթի մեջ սպասել են, խաղողը սկսում է նեխել։ Փակել ենք ճանապարհը, որ մեր խնդրին լուծում տան»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, բողոքի ակցիային մասնակցող Մասիս Տերտերյանը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ  հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համամատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են: