«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Հայաստանի ՏՄՊՊՀ կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, ինչը հետաքրքրել է ռուսական կողմին եւ վերջինս խնդրել են վարույթը իրականացնել համատեղ: Այս մասին, Մոսկվայում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, Ընկերությունն ավելի քան 91 միլիարդ դրամի ներդրումներ է իրականացրել, սակայն, ըստ ներկայացված փաստաթղթերի աշխատել է մեծ վնասով: Մրցակցային հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ընկերության համար անհրաժեշտ ապրանքները գնվել են ընթացակարգերի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ բարձր գներով, ինչն էլ վնասի առաջացման հիմնական պատճառն է հանդիսացել: Ներկայացված գործը հետաքրքրել է ռուս գործընկերներին, ովքեր խնդրել են վարույթը իրականացնել համատեղ:

Արտակ Շաբոյանը ներկայացրել է  նաեւ ռուսական «Յուտեյր Արմենիա»  ավիաընկերության գործը, որը Հայաստանում գովազդել էր, որ իրականացնում է Մոսկվա-Երեւան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:  Սակայն, պարզվել է, որ ավիատոմսի նվազագույն արժեքը մեկ ուղղությամբ կազմել է 126,48 եվրո:  Քանի որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, գործը փոխանցվել էր ՌԴ գործընկերներին: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա, ՌԴ հակամենաշնորհային ծառայությունը վարչական վարույթ է հարուցել «Յուտեյր լիզինգ» ընկերության հանդեպ:

Միջազգային համաժողովի օրակարգում էին  նաեւ տասնյակ այլ հարցեր, որոնք կօժանդակեն նվազեցնել մուտքի խոչընդոտներն ու մրցակցային այլ խնդիրները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: