Հոլիվուդյան հանրահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել է ռեժիսոր դառնալ: Ինչպես նշում է բրիտանական Guardian-ը, արդեն աշնանը նա կսկսի 1992-95 թթ Բոսինիայում պատերազմի մասին պատմող ֆիլմի նկարահանումները: Ջոլին հանդես կգա ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ սցենարի հեղինակ, սակայն ինքն այդ ֆիլմում նկարահանվել չի պատրաստվում:

Ֆիլմը դեռ նույնիսկ աշխատանքային անվանում չունի, սակայն հայտնի է, որ սյուժեի հիմքում 1990-ականների դեպքերն են: Դա սիրո պատմություն է բոսնիացի աղջկա եւ սերբ զինվորականի մասին, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Այցելելով Սարաեւո որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Ջոլին ընդգծել է, որ մտադիր է ֆիլմի աշխատանքներում հնարավորին չափ շատ տեղացիներ ներգրավել, թեեւ ֆիլմը լինելու է անգլերենով: Guardian-ի տվյալներով, Ջոլին ցանկություն է հայտնել բոսնիացի երիտասարդության համար կրթական ծրագրեր ֆինանսավորել: