Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չեղյալ է հայտարարել մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները: Այս մասին հայտնում է Արցախպրեսը: 

Նրանց փոխանցմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման եւ անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Զոհված զինծառայողներից Նորայր Խաչատրյանը Ստեփանակերտի բնակիչ էր: