ԼՂՀ-ում երեկ՝ սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեծ մասին առաջիկա ժամերին տեղափոխելու են Երեւան: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողների թիվը շուրջ մեկ տասնյակ է: Նրանցից 4-ը բուժօգնություն է ստանում Մարտակերտի հոսպիտալում, մյուսներն արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղից էլ շուտով կտեղափոխվեն Երեւան:

Մարտակերտում բուժում ստացող զինծառայողների վիճակը կայուն է, թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: