ՌԴ Սվերդլովսկի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանի դուստրը սիրեցյալի հետ փախել է Մոսկվա, սակայն երիտասարդին գտել են եւ ծեծի ենթարկել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ աղջիկն անհետացել է, սակայն տեղի լրագրողները պարզել են, որ աղջիկն ինքն է փախել տղայի հետ։ Երիտասարդը ծեծից հետո դիմային ոսկորների կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին Բալտիմ ավանում անհետացել էր Աշխեն Կարապետյանը։ Նրա հայրը ենթադրել է, որ աղջկան առեւանգել են։ Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Աշխենը սիրեցյալի հետ փախել է Մոսկվա, քանի որ հայրը հավանություն չէր տալիս նրանց ամուսնությանը։
Ura.ru կայքի լրագրողների հետ տղայի հորեղբոր զրույցից պարզ է դարձել, որ Աշխենի ընկերոջ անունը Միշա Քոբելյան է։ Քոբելյանները եւ Կարապետյանները նախկինում համատեղ բիզնես են ունեցել եւ ընտանիքներով մոտ են եղել։ Այնուհետեւ նրանց հարաբերությունները սառել էին։ Արմեն Կարապետյանը դեմ է եղել դստեր եւ Միշա Քոբելյանի ամուսնությանը։ Երիտասարդները միասին փախել են Մոսկվա։ Սակայն Սվերդլովսկի ոստիկանները հետապնդել են նրանց եւ համոզվել, որ դա առեւանգման դեպք չէ։ Իսկ այնուհետեւ Մոսկվա են ժամանել Արմեն Կարապետյանի երկու եղբայրները, որոնք վրեժ են լուծել երիտասարդից։
«Միշային, նրա եղբորը եւ իմ որդուն սեպտեմբերի 14-ին հետեւել էին եւ հայտնաբերել։ Նրանցից մեկին ծեծել էին, կոտրել ծնոտը եւ դեմքի մի ոսկորը։ Նա հիմա հիվանդանոցում է»,- ասել է Միշա Քոբելյանի հորեղբայրը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Կարապետյան եղբայրներին, սակայն դեռեւս անարդյունք։




























