Մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ: Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում: Այդ մասին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում ներկայացնելով միջոցառումների միջանկյալ զեկույցը:

«Միջանկյալ, քանի որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ: Տարվա արդյունքներով նախատեսվում է ամբողջական զեկույցի պատրաստում եւ հրապարակում, ինչպես նաեւ լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում:

Երեկ մենք անցկացրեցինք փորձագիտական համաժողով, որի ընթացքում մանրամասն անդրադարձանք տարածաշրջանային հանձնախմբերի կատարած աշխատանքին, արվեստի, գիտության, կրթության, հոգեւոր կյանքի բնագավառների ոլորտային ծրագրերին:

Իմ այս զեկույցի մեջ փորձելու եմ կանգ առնել ոչ թե առանձին միջոցառումների, այլ այն արդյունքների վրա, որոնք գրանցել ենք այս պահին:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագիրը մեկնարկեցինք պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում ընդունված Համահայկական հռչակագրով: Այն լայնորեն տարածվեց եւ դրականորեն ընդունվեց հայ ժողովրդի կողմից` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Հռչակագիրն ի մի բերեց այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցեցինք 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման մարտավարությունը:

Համահայկական հռչակագրով մենք մատնանշեցինք կապն անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ, շեշտադրեցինք Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հրամայականը, կարեւորեցինք քաղաքացիական հասարակության, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիական հասարակության դերը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: Այն ընդգծեց մեր պահանջատիրությունը եւ միեւնույն ժամանակ վկայեց առաջ շարժվելու մեր պատրաստակամությունը:

Անշուշտ, Համահայկական հռչակագիրը կմնա մեր նորագույն պատմության մեջ՝ որպես կարեւոր հանգրվան, որպես մեր ազգային օրակարգի բաղկացուցիչ՝ 100-րդ տարելիցի շրջանակներից անդին:

Պետական հանձնաժողովի գործունեության առաջին իսկ նիստից սկսեցին նշմարվել մեր գործունեության հիմնական ուղղությունները: Առաջին չորս նիստերի ընթացքում տեւական քննարկումների արդյունքում մենք բյուրեղացրինք մեր ջանքերի չորս առանցքները` հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար եւ վերածնունդ: Ի սկզբանե մենք նկատում էինք, որ մեր քայլերը չպետք է ինքնանպատակ միջոցառումներ լինեն: Դրանք պետք է ունենան մնայուն արժեք, որի արդյունքը պետք է համահունչ լինի երկարատեւ եւ թիրախային պայքարի մեր վճռականությանը:

Եվ այսպես, մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ: Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում: Մենք հայտարարեցինք, որ 2015 թվականին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային մի հարթակի:

Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարեւոր առաջընթաց: Հայաստանի ջանքերով եւ առաջնորդությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում ընդունվեց կարեւորագույն երկու փաստաթուղթ՝ մարտ ամսին «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձեւը Մարդու իրավունքների խորհրդում եւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման օր» բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Ի դեպ, արդեն դրանից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունն իր ներքին օրենսդրությամբ դեկտեմբերի 9-ը սահմանեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Երկրորդ կարեւոր ձեռքբերումը դարձավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ակնհայտ հաջողությունը: Հարյուրավոր պատգամավորներ՝ հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգեւորականություն բացահայտ խոսում էին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործում: Երեւանյան գլոբալ համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականը կամրագրի մեր ուրույն դերակատարումը միջազգային հանրության շրջանում:

Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ակտի-վացման գործում երրորդ կարեւոր եւ մնայուն արդյունքը համարում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12-րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործակցության եզրերի ամրագրումը: Այս պահին ընթանում են բանակցություններ` Ընկերակցությունը Երեւանյան հետագա համաժողովների լիարժեք համահիմնադիր դարձնելու ուղղությամբ:

Մեր պայքարի արդյունավետության պարտադիր պայմաններից է մեր խնդիրների շուրջ իրազեկվածության աստիճանի բարձրացումը: Կարծում եմ՝ 100-րդ տարելիցի միջոցառումների ծավալն ու լուսաբանվածության աստիճանը թույլ տվեցին որակապես փոխել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հանրային իրազեկվածության խորությունը: Տեղեկացման կարգով զեկուցեմ, որ ապրիլի 22-24-ը տեղի ունեցած միջոցառումները ուղիղ հեռարձակմամբ հասուն են եղել մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն հեռուստադիտողի, որն աննախադեպ բարձր թիվ է նման միջոցառման համար: Աննախադեպ էր միջոցառումների լուսաբանման ծավալը միջազգային լրատվամիջոցներում: Նկարահանված վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի, հրատարակված գրքերի, հանրայնացված միջոցառումների քանակը: Եվ այդ ամենը տվեց իր արդյունքը: Մենք պետք է չբավարարվենք այս ձեռքբերումներով եւ շարունակենք դրանց վրա կառուցել մեր հետագա ծրագրերը:

Եվ վերջապես, մեր պայքարի կարեւոր արդյունքներից էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությունը: Բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ընդունեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր կամ վերահաստատող բանաձեւեր: Այդ գործընթացը առանձնահատուկ հաջողություններ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ընդունված բանաձեւերի շնորհիվ: Բայց այդ բոլոր ճանաչումների ֆոնին ուզում եմ առանձնահատուկ նշել երեքը.

Առաջինը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կազմակերպած ոգեկոչման պատարագն էր եւ Նորին Սրբության կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հստակ վերաամրագրումը: Անմիջապես այն դարձավ թեժ նորություն աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար եւ ձեւավորեց հետագա մեր միջոցառումների հանրային ընկալման կարեւոր խորապատկեր: Անշուշտ, Պապի այդ մոտեցումը բացառիկ նշանակություն ունեցավ նաեւ աշխարհի ավելի քան մեկ եւ քառորդ միլիարդ կաթոլիկ հավատացյալների, ուժեղ կաթոլիկ ավանդույթներ ունեցող երկրների, հատկապես` Լատինական Ամերիկայում, գիտական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների համար:

Երկրորդ եւ երրորդը Ավստրիայում եւ Գերմանիայում հնչած խոսքերն են: Այս երկու երկրների օրինակը բացառիկ կարեւոր է, քանի որ Օսմանյան կայսրությունը նրանց դաշնակիցն է եղել Առաջին աշխարհամարտի ընթացքում: Մինչ օրս հաճախ ենք լսել Թուրքիայի կողմից ժխտողականության այն փաստարկը, որ իբր միայն այն տարիներին Թուրքիայի դեմ մարտնչող երկրների պաշտոնյաների կեղծ վկայություններն են Հայոց ցեղասպանության պատմության հիմքում:

Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունվեց համապատասխան բանաձեւ: Թեեւ Գերմանիայում խորհրդարանական բանաձեւի ընդունման գործընթացը դեռեւս ավարտին չի հասցված, պակաս կարեւոր չէր նաեւ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր Տաճարում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն Յոախիմ Գաուկի հայտարարությունը, որով նա ոչ միայն հավուր պատշաճի օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ խոսեց Գերմանական Կայսրության մեղսակցության մասին: Վստահ եմ, որ այս երկու երկրներում տեղի ունեցածը մեծագույն նվաճում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման ճանապարհին:

Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Բոլիվիայի կողմից ընդունված խորհրդարանական բանաձեւերը, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի, Լատինամերիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի, բազմաթիվ խորհրդարանների, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների ընդունած հայտարարությունները զգալիորեն առաջ մղեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մեր պայքարը:

Ոգեկոչման մեր ծրագրի երկրորդ հիմնասյունը Երախտագիտությունն է: Այս ուղղությամբ եւս մենք կատարել ենք լուրջ եւ հետեւողական աշխատանք: Նկարահանվել, հրատարակվել, գրվել են բազմաթիվ ֆիլմեր, գրքեր, ալբոմներ:

Մենք ավելի լավ ենք սկսել հասկանալ ցեղասպանության օրերին մեր ժողովրդին ձեռք մեկնած սխրանքը, քաղաքացիական խիզախությունը, նրանց բացառիկ ներդրումը հայապահպանության գործում: Ձեւավորվել է մեծ տեղեկույթ, որը հիմք է տալիս մեր հետագա քայլերի եւ աշխատանքի համար:

Այս ուղղությամբ մեր հետագա անելիքներից երկու առանցքային ծրագիր եմ ուզում առանձնացնել: Առաջինը «100 կյանք» ծրագրի շրջանակներում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ավրորա» մրցանակն է: Այն ուղղված է լինելու մարդասիրական, մարդակենտրոն ծրագրեր իրականացրած անհատներին: Ընտրության գործընթացից մինչեւ պարգեւատրման արարողություն այդ ողջ ծրագիրը միտված է Հայաստանը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու, վերապրելու մեր պատմությունն աշխարհին ուղղակիորեն եւ անուղղակի պատմելու խնդրին: Մենք պայմանավորվել ենք, որ պարգեւատրման արարողությունը, որին մասնակցելու են եւ՛ դափնեկիրները, եւ՛ ընտրող հանձնախումբը, եւ՛ ծրագրի խորհրդի անդամները, որոնք բոլորն էլ միջազգային մեծ հեղինակություն վայելող անհատներ են, կկայանա Երեւանում 2016թ. ապրիլի 24-ին: Դա հնարավորություն կտա մի կողմից ներգրավել այս հյուրերին Երեւանում անցկացվող Գլոբալ համաժողովի աշխատանքներին, մյուս կողմից` ապահովել նրանց մասնակցությունն ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին:

Երկրորդ նման ծրագիրը մեր մեկ այլ հայրենակցի` պարոն Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է, ով հանդիսանում է նաեւ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի համանախագահը: Առաջիկա օրերին ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հիմնադրամը կազմակերպում է մի մեծ միջոցառում Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում` մեծարելու համար Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Հենրի Մորգենթաուին: Նրան հետմահու շնորհվելու է Վալենբերգ հիմնադրամի Ոսկե մեդալը: Այս ծրագիրը եւս շարունակական է, եւ հիմնադրամը մտադիր է աշխատանք կատարել` հայտնաբերելու համար ցեղասպանության տարիներին հայերին օգնության ձեռք մեկնած թուրքերի պատմությունները:

Ոգեկոչման երրորդ առանցքը` ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ է: Իհարկե, այս ուղղությամբ կատարված աշխատանքն ամենածավալունն է:

Բազմաթիվ միջոցառումների շարքում ամենամնայուն եւ երկարաժամկետ արդյունքն, անշուշտ, թողեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումն ու ընդլայնումը, նոր ցուցադրության հիմնումը եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը Երեւանում:

Եվս մեկ կարեւոր արդյունք, որին հասանք, երիտասարդ սերնդի հիշողության մեջ իրենց նախնիների անհատական պատմությունների վերականգնումն է: Այդ առումով կարեւոր նշանակություն ունեցավ «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությունը, որի միջոցով հազարավոր մարդիկ մեր պաշտոնական կայքէջում ներբեռնեցին իրենց ընտանիքների պատմությունները ցեղասպանությունը վերապրելու հետ կապված: Դպրոցներում, ուսումնական հաստատություններում կայացան դրանց քննարկումներն ու վերլուծությունները:

Ինչպես ասացի, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում նոր մոտեցումներով եւ շեշտադրումներով, հրատարակվել են հարյուրավոր գրքեր, որոնց կարելի է ծանոթանալ այս օրերին Երեւանում ընթացող «ԱրմԲուքԷքսպո» ցուցադրության շրջանակներում:

Առանձնահատուկ ուզում եմ նշել աշխարհի տարբեր եկեղեցիներում, մայր տաճարներում տեղի ունեցած էկումենիկ պատարագները, զանգերի միասնական ղողանջը, լռության րոպեն, որոնք բացառիկ հուզական լիցք հաղորդեցին ոգեկոչման ծրագրերին:

Եվ, վերջապես, մի կարեւոր բաղադրիչ, որ դրել էինք մեր ծրագրի հիմքում, ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ է: Երբ պլանավորում էինք այս տարին, կար մեծ վտանգ, որ այն կամ կընդունի սգո արարողությունների բնույթ, կամ կվերածվի ինքնանպատակ միջոցառումների շարքի: Չափազանց դժվար էր գտնել ճիշտ գիծը եւ հիշելուն ու հիշեցնելուն զուգահեռ՝ իրոք «արթնացնել հոգիները», արթնացնել հպարտության զգացումը, անցած ճանապարհի համար:

Այս ուղղությամբ պետք է նշեմ մի շարք կարեւոր ձեռքբերումներ: Դրանց շարքում առաջինը, անշուշտ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասման որոշման կայացումն ու բացառիկ ոգեղեն ծիսակարգի անցկացումն էր: Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ նման միասնականություն, նման համերաշխություն, նման վեհություն հազվադեպ է պարուրում մի ամբողջ ազգի:

Երկրորդ մնայուն եւ բացառիկ արդյունքը դարձավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը: Դա ոչ միայն Նարեկացու ժառանգության հանդեպ կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքի դրսեւորումն էր, այլեւ քրիստոնեության պատմության մեջ մեր ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած բացառիկ ավանդի վկայություն: Ինչպես հայտնի է, տիեզերական վարդապետ հռչակելու պարտադիր պայման է թեկնածուի սրբադասված լինելու հանգամանքը: Ցեղասպանության զոհերի սրբադասումից օրեր առաջ Տիեզերական վարդապետ հռչակելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբին Ֆրանցիսկոս Պապը դրսեւորեց կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման ինստիտուտի նկատմամբ:

Վերածննդի փայլուն վկայություն էր աշխարհի առաջատար նվագախմբերի «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերին մեր երիտասարդ փայլուն մենակատարների մասնակցությունը, Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգաշարը, Տիգրան Համասյանի կողմից Կոմիտասի անմահ ժառանգության եւ հայ հոգեւոր երաժշտության նոր մեկնությունը: Անշուշտ, ինչպես արդեն հիշատակեցի, չափազանց մնայուն էր «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խմբի համերգաշարի ուղերձը ողջ աշխարհին՝ «Արթնացնենք հոգիները»:

Վերածննդի խորհրդանիշ դարձան Հայաստանի դպրոցականների ձեռքերով պատրաստված 1,5 միլիոն անմոռուկները եւ հայ գեղանկարիչների վրձնից ծնված նոր գլուխգործոցները:

Վերածննդի գաղափարն արտացոլվեց նաեւ մեր միասնականության, համախմբվածության մեջ: Վերածննդի բացառիկ վկայություն էր համահայկական խաղերի ժամանակ Արեւմտյան Հայաստանից ժամանած երիտասարդների պատվիրակության տպավորիչ բազմաքանակությունը:

Խոսելով 100-րդ տարելիցի մասին՝ մենք միշտ նշել ենք, որ այն չի կարող լինել որեւէ բանի ավարտ: Մենք այդպիսի նպատակ չունեինք: Ուստի, շատ եմ կարեւորում մեր այս ամիսների ընթացքում ձեւավորած համախմբվածության, փոխգործակցության, միմյանց հանդեպ հարգանքի եւ սիրո պահպանումը եւ այս գործելաոճի շարունակումը:

Դեռեւս մեկ տարի առաջ ելույթ ունենալով «Հայաստան-սփյուռք» համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահը առաջ քաշեց մեր պետական հանձնաժողովի հենքի վրա Համահայկական խորհրդի ձեւավորման գաղափարը: Նրա հանձնարարությամբ կատարված է որոշակի նախապատրաստական աշխատանք, որի մասին առիթ կունենանք խոսելու այսօրվա նիստի ընթացքում:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մեր միջոցառումների շրջանակներում նկարահանված մի կարճ հոլովակ, որը ցայտուն կերպով արտացոլում է մեր հավաքական ուժն ու հայի ստեղծագործ էությունը: Միասին մենք կարող ենք շատ ավելին:

Շնորհակալություն եմ հայտնում համազգային նշանակության այս չափազանց պարտավորեցնող միջոցառումների համակարգումն ինձ վստահելու եւ բոլորիդ անվերապահ սատարման եւ աջակցության համար»: