Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելը։
Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այցելություն կատարել Բուլղարիա։





























