Սերժ Սարգսյանի կողմից 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված Գագիկ Ծառուկյանը չի կարողացել այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկա լինել ՀՀ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողությանը, քանի որ Օլիմպիական կոմիտեի 25–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած մի քանի միջազգային պատվիրակների հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր, գործածար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Օլիմպիական կոմիտեի 25 ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու, որին մասնակցելու համար բազմաթիվ պատվիրակություններ արդեն ժամանել են Հայաստան։ Այսօր՝ օրվա առաջին կեսին, Գագիկ Ծառուկայանը հանդիպել է մի քանի պատվիրակների հետ։ Այդ պատճառով չի կարողացել մասնակցել այսօրվա պարգեւատրման արարողությանը» ,-ասաց մամուլի խոսնակը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր պարգեւատրման արարողությանը։
ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը, 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեց ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, մի խումբ բարերարներ եւ գործարարներ Հայաստանից եւ սփյուռքից։




























