Մոլդովայի ընդդիմադիր երկու կազմակերպությունների առաջնորդներ՝ Իգոր Դոդոնը (Սոցիալիստական կուսակցություն) եւ Ռենատո Ուսատին («Մեր կուսակցություն») մտադիր են կիրակի տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել Քիշնեւի փողոցներ՝ բողոքի ցույցի:
Նրանք պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահի համընդհանուր ընտրություններ: Դոդոնը եւ Ուսատին քաղաքացիներին կոչ են արել «հանդես գալ ընդդեմ օլիգարխիկ իշխանության»:
Ցուցարարները ժամը 12:00-ին ուղղվելու են Քիշնեւի կենտրոն, իսկ 14:00-ին հավաքվելու են խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ հինգշաբթիից վրանային ավան է ստեղծվել: Գործիչների խոսքով, ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաներին ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ կուսակցությունների ղեկավարները նշել են, որ ցուցարարների հիմնական պահանջը լինելու է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2016 թվականի մարտին: Շաբաթ երեկոյան վրանային ավանում ցույցի ժամանակ Դոդոնը հայտարարել էր, որ ընդդիմությունը մտադիր չէ փոխզիջման գնալ իշխանությունների հետ:




























