Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը եւ այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերն կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձան Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող գործընթացներին։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։





























