ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել հրադադարի խախտումների հետաքննելու ԵԱՀԿ մեխանիզմի մանրամասները, միաժամանակ կոչ են արել Ադրբեջանին նույնն անել։

Համանախագահների համատեղ հայտարարությունում նշվում է, որ առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ:

Միջնորդները վճռականորեն դատապարտել են հրետանու կիրառումը, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների, եւ ցավակցություն են հայտնել զոհերի հարազատներին։

Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին, ապա նաեւ միացյալ ձեւաչափով։

«Նախարարները համաձայնել են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասված է փաստաթղթում։