Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին, Ֆրանկոֆոնիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ անդրադարձել է հակամարտությունների կարգավորման խնդրին։
Այս հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում։
Անդրադառնալով երկու շաբաթից Երեւանում մեկնարկող ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը եւ նշել, որ Հայաստանը ուրախ է հյուրընկալելու նման հեղինակավոր եւ ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը։
Իր խոսքում Էդվարդ Նալբադյանը անդրադարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, հակամարտությունների կարգավորմանը, անհանդուրժողականության եւ այլատյացության դեմ պայքարին, վերջին շրջանում մեծ թափ ստացած միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրներին, Փարիզում այս տարվա վերջին կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովին։
Ընդգծելով, որ Երեւանում կայանալիք արտգործնախարարների համաժողովին սպասվում է շուրջ 80 անդամ եւ դիտորդ պատվիրակությունների մասնակցություն՝ Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ երեւանյան հանդիպումը կարեւոր ներդրում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդման եւ միջազգային բեմահարթակում նրա դերակատարության բարձրացման գործում։




























