Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին, Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԼՂ խնդրի լուծմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն  է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն համատեղ ջանքերն` ուղղված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը եւ խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում սերտ եւ արդյունավետ համագործակցություն է ունեցել իր հայաստանյան գործընկերների հետ՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ կարեւորություն է ներկայացնում Վրաստանի համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ, կարեւորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:

Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երեւան։