Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում Էստոնիայի ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը երեկ հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով:

Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, դրանց նոր իրավական հենքի շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։

Նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, մերձավորարեւելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին։ Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Էդվարդ Նալբանդյանի եւ Կոնգոյի Հանրապետության արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոն քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարեւորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հաստատված ակտիվ քաղաքական երկխոսության եւ խորացող առեւտրատնտեսական համագործակցության կապակցությամբ։ Նախարարները արժեւորեցին Երեւանում եւ Բաղդադում դեսպանությունների գործունեությունը՝ ուղղված տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Այդ առումով կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ չվերթի առկայությունը, շեշտվել է, որ այն լուրջ խթան է հանդիսանում փոխգործակցության ընդլայնման համար։

Հայաստանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանության առնչվող հարցերի շուրջ։

Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրել է երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։