Օգոստոսի 17-ին Ռուսաստանի խոշորագույն «Սայանո-Շուշենսկայա» հիդրոէլեկտրակայանի վթարի արդյունքում գրանցված զոհերի թիվն աճում է: Ինչպես հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այսօր փրկարարները հայտնաբերել են ՀԷԿ-ի եւս 9 աշխատակիցների մարմինները՝ վթարի զոհերի թիվը հասցնելով 26-ի։ Անհայտ կորած է համարվում շուրջ 50 մարդ։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր կայցելի դեպքի վայր` տեղում ծանոթանալու ՀԷԿ-ի աղետի հետեւանքներին եւ համատեղ խորհրդակցություն կանցկացնի Խակասիայի կառավարության հետ։ Երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Պուտինին հանձնարարել է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում գործող խոշոր ձեռնարկությունների եւ բնակչության անխափան էլեկտրամատակարարումը ապահովելու համար։
Նշենք, որ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված «Սայանո-Շուշենսկայա» հիդրոէլեկտրակայանը Ռուսաստանում ամենախոշորն էր։ ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերությունը հայտարարել է, որ կայանի վերջնական վերականգնման համար կպահանջնվի առնվազն 4 տարի։




























