ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման եւ դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորությունը եւ նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին:

Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը, դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրին, ինչպես նաեւ քննարկել էլեկտրոնային կառավարության, այն է՝ պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ամբողջական ներդրմանն առնչվող հարցեր: