Ստամբուլահայ խիզախ լրագրողներից Հայկո Բաղդատը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից իր դեմ բացած առաջին դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ ինքը Մելիհ Գյոքչեքին հայ է ասել այն իմաստով, ինչ իմաստով, որ Գյոքչեքն այն օգտագործում է ուրիշներին հայ անվանելու ժամանակ։

Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում դատարանի առաջ Հայկո Բաղդատը լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ հիշատակել է, որ իր դեմ դատական հայց ներկայացրած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը ցանկացած հայտարարության, կամ համակարգչով Twitter-ում գրառում կատարելու ժամանակ քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիր լրագրողներին ու ընտրողներին վիրավորելու համար «հայ» է անվանում։ «Ի՞նչ է նա սրանով ուզում ասել։ Այսինքն, նա նա հայ լինելը ներկայացնում է որպես դավաճանություն եւ փորձանք երկրի գլխին։ Մելիհ Գյոքչեքը նմանատիպ շատ արտահայտություններ է արել։

Ես նրա հակահայկական թվիթների տակ նրան «հայ» եմ անվանել։ Ես նրան «հայ» եմ անվանել այն իմաստով, ինչ իմաստով, որ նա այդ բառն օգտագործում է ուրիշներին «հայ» անվանելու ժամանակ»,-ասել է Հայկո Բաղդատը։

Դատական նիստի ժամանակ Հայկո Բաղդատը պահանջել է հայցի քննարկումն անցկացնել Անկարայում, որտեղ ինքը հանդես կգա պաշտպանական ճառով։ Դատարաննը բավարարել է պահանջը եւ նիստը նշանակել դեկտեմբերի 7-ին, Անկարայում։

Նշենք, որ դեռեւս 2015-ի մարտին Հայկո Բաղդատը մի առիթով witter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել։ Ցավակցում եմ», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։

Անկարայի քաղաքապետը դիմել էր  դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ  գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է եւ նրան ձայն տված, աջակցած եւ սիրած բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։