Բուրկինա ֆասոյի ապստամբ զինվորականները, որոնք պուտչ էին կազմակերպել, հրաժարվում են վայր դնել զենքը: Այս մասին ասված է երկրի բանակի Գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշված է, որ չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ խռովարարները «հրաժարվում են շարունակել զենքը հանձնելը՝ սադրելով միջադեպեր ու ագրեսիա դրսեւորելով այս առաքելության (զինաթափման) իրականացման պատասխանատուների դեմ»: Հաղորդագրության մեջ նաեւ շեշտված է խռովարարների ղեկավար գեներալ Ժիլբեր Դյենդրեի «վարքագծի երկիմաստությունը», նշում է «ՏԱՍՍ»-ը:
Բուրկինա Ֆասոյի անցումային կառավարությունը ձերբակալվել էր նախագահական էլիտար գվարդիայի զինվորական խռովարարների կողմից սեպտեմբերի 16-ին: Խռովարարները, որոնք ձեւավորել են Ժողովրդավարության ազգային խորհուրդը՝ բրիգադային գեներալ Ժիլբեր Դյենդրեի ղեկավարությամբ, իրենց գործողությունները բացատրել են այն «ծանր իրավիճակով, որը ստեղծվել է անվտանգության ոլորտում ընտրությունների նախօրեին» եւ «երկրում իրավիճակի ապակայունացմանը խոչընդոտելու» անհրաժեշտությամբ: Սակայն զինվորականների գործողությունները առաջացրել են հասարակության զգալի մասի բացասական արձագանքը եւ կառավարական բանակի կողմից աջակցություն չեն ստացել:
Դրա հետեւանքով արդեն սեպտեմբերի 23-ին Դյենդրեն հայտարարել է պուտչի ավարտի մասին: Այդ նույն օրը կառավարական բանակը համաձայնագիր է կնքել խռովարարների հետ, որը նախատեսում է այդ թվում անվտանգության երաշխիքներ հենց իրենց ՝ խռովարարներին ու նրանց ընտանիքների անդամներին: Հոկտեմբերի 25-ին նախագահական գվարդիան լուծարվել է:




























