Սիսիանի եւ հարակից 30 համայնքները սպասարկող՝ Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների անձնական ներդրումների շնորհիվ բացվել է համակարգչային սենյակ:

Միասնական նվիրման արդյունքում՝ կենտրոնին տրամադրվել է 10 համակարգիչ, նույնքան սեղան-աթոռներով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու՝ ընկերության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Նրանց նախաձեռնությունը ողջունել եւ ներդրում է կատարել նաեւ տնօրինությունը: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապահովվել է համակարգչային ներքին ցանցով, իսկ 3G/Wi-Fi երթուղիչի միջոցով՝ նաեւ ինտերնետով: Դա պատանիներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը զարգացնել նաեւ համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ:

«Արդեն տասը տարի մենք օրինակելի գործունեություն ենք ծավալում Հայաստանում: Ձգտում ենք լինել առաջատար ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլեւ կառավարման պատասխանատու մոտեցմամբ: Կարող եմ վստահ ասել, որ այստեղ եւս հաջողել ենք: Մեր ձեռքբերումներից անչափ գնահատելի է երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու՝ աշխատակիցների ցանկության դրսեւորումը: Կոնկրետ այս ծրագրով մենք կարեւոր երկու հարց ենք լուծում. նախ՝ պատանիներին օգնում ենք հմտանալ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հարցում եւ երկրորդ՝ մեր աշխատակիցների օրինակով հասարակությանը պատգամ ենք հղում՝ չլինել անտարբեր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով, սովորողների թիվն այստեղ տարեկան հասնում է շուրջ 160-ի: