Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը հատուկ գնացքով օգոստոսի 26-ին ժամանել է Չինաստան: Այդ մասին հաղորդել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները Հարավային Կորեայի կառավարությունում: «Մենք պարզում ենք, թե ուր է մեկնել Կիմ Չեն Իրի գնացքը»,- նշել են նրանք: Նրանց խոսքով, Կիմ Չեն Իրի գնացքը հատել է Չինաստանի հետ սահմանը վաղ առավոտյան: Այցի նպատակների մասին ոչինչ հայտնի չէ:
Լրատվամիջոցների տվյալներով, Կիմ Չեն Իրին, այցի ընթացքում ուղեկցել է նրա կրտսեր որդին եւ հնարավոր ժառանգորդը՝ Կիմ Չոն Ունը:
Մայիսի սկզբին հյուսիսկորեական առաջնորդն արդեն այցելել է Չինաստան, բայց այցի պաշտոնական հաստատումն արվել է մի քանի օր անց, քանի որ ավանդույթի համաձայն, նման այցերի մասին հայտնի է դառնում միայն ավարտից հետո:
Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ներում հրաժարվել են մեկնաբանել Կիմ Չեն Իրի այցը:
Նշենք, որ Կիմ Չեն Իրը լքում է իր երկրի տարածքը բացառապես անձնական գնացքով՝ հրաժարվելով օգտվել ինքնաթիռներից:




























