Կոլումբիայում սկսվել է Գալերաս հրաբխի ժայթքումը: Երկրի իշխանությունները սկսել են մոտ 9 հազար մարդկանց տարհանումը, որոնք բնակվում են հրաբխի մերձակայքում: Տարածաշրջանում վտանգի բարձրագույն՝ «Կարմիր» ազդանշան» է հայտարարված:

Տեղական իշխանությունների տվյալներով, առավոտյան ժամը 4-ի սահմաներում հրաբուխն սկսել է մոխիր եւ գազ արտանետել: Հրաբխի ակտիվությանը հետեւում են ինչպես գետնից, այնպես էլ օդից:

Գալերաս հրաբուխը գտնվում է մայրաքաղաք Բոգոտայից 700 կմ հեռավորության վրա: Նրա բարձրությունը հասնում է ծովի մակերեւույթից 4276 մետրի, խառնարանի տրամագիծը 320  մետր է, խորությունը՝ 80 մետր:

Հրաբուխն արդեն մեկ անգամ արթնացել է 2005-ին: Այն ժամանակ Պաստո քաղաքը թաղվել էր մոխրի մեջ: 1993թ. խառնարանի մոտ 9 գիտնականներ են մահացել: