Դպրոցական սնունդ ծրագրի տեսլականի եւ գործողությունների արդյունքում 1 տարով երկարաձգվել է ծրագրի իրականացումը, մինչեւ ՀՀ կառավարությունը կստանձնի ծրագրի շարունակականության ապահովումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանն ասել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ` կարեւորելով վերջինիս կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը»: Նախարարը հույս է հայտնել, որ վերջնարդյունքում ծրագիրը կծածկի հանրապետության ողջ տարածքը: Այդ համատեքստում Արմեն Աշոտյանը հատկապես կարեւորել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը:
Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ համատեղ ջանքերով մշակված դպրոցական սնունդ ծրագրի տեսլականի եւ գործողությունների արդյունքում մեկ տարով երկարաձգվել է ծրագրի իրականացումը, մինչեւ ՀՀ կառավարությունը կստանձնի ծրագրի շարունակականության ապահովումը:
Հանդիպման ավարտին նշվել է նաեւ, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել 2016 թվականին հյուրընկալել «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»:
Նշենք, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից «Կայուն դպրոցական ծրագիրը» մեկնարկել է Վայոց Ձորի մարզից: Ներկայումս մարզի բոլոր 45 դպրոցների տարրական դասարանների 2386 աշակերտ ստանում է դպրոցական նախաճաշ: 2015 թվականից ծրագիրն իրականացվում է նաեւ Արարատի եւ Սյունիքի մարզերում: Ներկայումս Արարատի մարզի 107 դպրոցներից 77-ում տրվում է տաք սնունդ: Ծրագրում ընդգրկված մարզի աշակերտների ընդհանուր թիվը 13 հազար 618 է, տաք սնունդ ստացողներինը` 8 հազար 629: Սյունիքի մարզի 113 դպրոցներից 41-ում ծրագրում ընդգրկված աշակերտների ընդհանուր թիվը 6 հազար 300 է, տաք սնունդ ստացողներինը` 3 հազար 200:




























