ՀՀ Պաշտպանության նախարարության 410 հրամանը  վերաբերում է ոչ միայն բացարձակապես առողջ երիտասարդների զորակոչին, այլև որոշակի առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում հակառակորդի հրթիռակոծման հետեւանքով զոհված` միայնակ ծնողի զավակ Ռոբերտ Մկրտչյանին և նույն օրը վիրավորված  Սաֆար Սաֆարյանը, որը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ունեցել է սրտի խնդիր։ Լրագրողի հարցին` արդյոք նրանց բանակ զորակոչելը մարդու իրավունքների խախտում չէ, Գեղամ Հարությունյանը պատասխանեց, որ եթե պարզվի, որ զորակոչված զինվորը սրտի խնդիր է ունեցել և Պաշտպանության նախարարության 410 հրամանի չափանիշների համապատասխան  պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության, սակայն զորակոչվել է, ապա դա կլիներ մարդու իրավունքների խախտում։

Անդրադառնալով  սեպտեմբերի 25-ին սահմանին զոհված միակողմանի ծնողազուրկ  Ռոբերտ Մկրտչյանին, Գեղամ Հարությունյանը նշեց, որ զինվորի իրավունքները խախտված կլինեին միայն այն դեպքում, եթե միայնակ ծնողը երրորդ խմբի հաշմանդամ լիներ կամ տարիքային թոշակառու, քանի որ այդ դեպքում նա օգտվում է 150 կիլոմետր շառավղով զորակոչվելու և բնակավայրին մոտ ծառայելու արտոնությունից։

 «Միայնակ ծնողի զավակի դեպքում եթե ծնողը երրորդ խմբի հաշմանդամ չէ կամ տարիքային թոշակառու չէ, զավակը չի օգտվում 150 կիլոմետր շառավղով զորակոչվելու և բնակավայրին մոտ ծառայելու արտոնությունից»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր: