Մենք կանգնեցրինք ռուսական զորքը, սակայն մենք հասկանում ենք, որ ցանկացած պահի հակամարտությունը կարող է վերսկսվել: Այս մասին ամերիկյան Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Դիմելով ամերիկյան լսարանին՝ նա ասել է. «Դուք պետք է հասկանաք, որ շատ վտանգավոր հակամարտություն գոյություն ունի Եվրոպայի կենտրոնում՝ հազարավոր ռուս զինծառայողների մասնակցությամբ: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Պուտինի համար քաղաքական եւ ֆինանսական աջակցությունն արգելափակելու նպատակով»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, Պորոշենկոն նաեւ նշել է, որ օգնելով Ուկրաինային՝ ԱՄՆ-ն ներդրում է կատարում սեփական անվտանգությունում: «Յուրաքանչյուր ամերիկացի պետք է հասկանա դա: Երբ խոսքը ռազմական համագործակցության մասին է, դա ԱՄՆ ազգային անվտանգությունում ներդրում է: Նույնը վերաբերում է նաեւ Եվրոպային: Անհնար է գլոբալ անվտանգություն կառուցել՝ առանց ագրեսիային հակազդելու արդյունավետ համակարգման»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով ռազմական օգնությանը՝ Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինային պաշտպանական սպառազինություն է անհրաժեշտ, որը կբարձրացնի ուկրաինական Զինված ուժերի պաշտպանունակությունը: