Գյումրիի հայտնի «Պատվո բլուր» հուշարձանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի առիթով վերջերս վերանորոգած բանվորները, պարզվում է, մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձի մի մասը: Հուշարձանի վրա աշխատած շինարարները իրենց բողոքն արտահայտելու համար երեկ գնացել են Գյումրիի քաղաքապետարան: Այնտեղ նրանց խորհուրդ են տվել եւս մեկ շաբաթ սպասել, քանի որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ասել է, որ շինարարության ղեկավարների հետ իրենք հույս չեն կապում, քանի որ արդեն մի քանի ամիս ասում են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հարցին, թե ովքե՞ր են շինարարության ղեկավարները, աշխատակիցներից մեկն ասել է, թե իրենք ոչ մեկին չգիտեն, միայն գիտեն իրենց «պրարաբին», որի անունը Արթուր է:

«Հայկական ժամանակ» թերթին երեկ չի հաջողվել պարզել, թե ով է պատասխանատու շինարարների աշխատավարձերի վճարման համար, քանի որ Գյումրիի քաղաքապետարանից ասել են, թե հարցը քննելու են այսօր: