Շուտով Հայաստանի ոստիկանությունը հանրությանը հայտնելու է մի շարք աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին:
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բառացի հայտարարեց. «Շուտով կլսեք աղմկահարույց մի շարք հանցագործություններ բացահայտման մասին: Այս 2 օրը հանցագործները կձերբակալվեն, կտեսնեք»: Շուտով նաեւ, ըստ ոստիկանապետի՝ հանրությունը կլսի լրագրողներ Արգիշտի Կիվիրյանի, Էդիկ Բաղդասարյանի եւ այլոց դեմ կատարված բռնարարքների բացահայտման մասին:
Ոստիկանապետն իր նախորդ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե հաջորդ ասուլիսին նոր մանրամասներ է ներկայացնելու փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ: Այսօր լրագրողները ոստիկանապետին հիշեցրին իր խոստման մասին, եւ Ալիկ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, որ այդ գործով արդեն ձերբակալվածներ կան: «Ձերբակալված անձինք կան, որոնց հետ աշխատանքներ են տարվում: Նման սպանություն բացահայտելը խիստ բարդ եւ տանջալի պրոցես է: Մարդ, ավելի ճիշտ` մարդիկ են ձերբակալվել»,- ազդարարեց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը մեկ շաբաթ առաջ NEWS.am-ին հայտնել էր, թե 5 ամիս առաջ կատարված աղաղակող սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որեւէ ձերբակալված չկա: NEWS.am-ի հարցին, թե ինչու որեւէ մեկն առ այսօր չի ձերբակալվել, քննիչը նշել էր. «Պատահում է, որ 4-5 տարի էլ է անցնում, բայց որեւէ մեկը չի ձերբակալվում: Լինում է եւ այդպես»:
Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներով սպանվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանը: Շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել էր, որ Մհերյանը մահացել է գլխին եւ մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածով` սպանություն: Սպանությունից անմիջապես հետո բազմաթիվ վարկածներ սկսեցին շրջանառվել՝ քաղաքականից մինչեւ կենցաղային: Ի դեպ, սպանությունից չորս ամիս անց մամուլը տեղեկատվություն տարածեց, որ ձերբակալվել են երկու հոգի, որոնցից մեկը՝ ոստիկանության ակադեմիայի դասախոս:




























