Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի կրակահերթերի պատճառով չեն կարողանում հավաքել խաղողի բերքը։

Սահմանամերձ Պառավաքարի բնակիչները օրեր առաջ հրաշքով են փրկվել, երբ դաշտում խաղողի բերքը հավաքելու ժամանակ հակառակորդը սկսել է գնդակոծել տարածքը: Գնդակոծության հետեւանքով խաղողագործներից մեկի մեքենան հրդեհվել է, իսկ բերքահավաք անողները հազիվ են կարողացել անվտանգ վայր տեղափոխվել:

Գյուղացիները ամիսներ առաջ էլ կարկտահարության հետեւանքով կորցրել էին իրենց ցորենի ու գարու բերքը: Բերդավանցիները մինչեւ այժմ դրա դիմաց  փոխհատուցում չեն ստացել:

«Ամբողջ տարին գյուլլի բերան աշխատեցինք, հող մշակեցինք, կարկուտը սրբեց, տարավ, հիմա էլ թուրքը չի թողում տոննաներով ապրուստը հավաքենք: Գարնանը կարկուտը 100 տոկոսով վերացրեց ցորենի ու գարու ցանքատարածությունները, դեղձի այգիներն էլ ամբողջությամբ վնասվեցին, բայց մի կոպեկի փոխհատուցում չստացանք»,- NEWS.am-ին բողոքեց գյուղացիներից մեկը:

Մարզի գլխավոր գյուղատնտեսը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կարկուտից 100 տոկոսով վնասել էին Արճիս, Լճկաձոր, Այրում, Բերդավան գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, տներն ու  շինությունները, սակայն փոխհատուցում տրվել է միայն վնասված շինությունների համար:

Այս տարվա բերքի կեսից ավելին կորցրած տավուշցիները Կառավարությունից խնդրում են նաեւ ցածրացնել ոռոգման ջրի սակագինը, որպեսզի կարողանան այգիները ոռոգել՝ հաջորդ տարի բերք ստանալու հույսով: