Այսօր օգոստոսի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Սարգիս Գեւորգյանը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցայց տալու համար:

Դատական նիստում ցուցմունքներ է տվել գործով տուժող ճանաչված, ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Արկադի Բաղդասարյանը: Նա նշել է, Սարգիս Գեւորգյանը Ազատության հրապարակում պոկել է իր ուսադիրը: Վկայություն տվող ոստիկանները հայտարարել են, որ երիտասարդներն, իբր, իրենց հայհոյել են, սակայն երբ պաշտպանները հարցրել են, թե ինչ կոնկրետ հայհոյանք է իրենց տրվել, ոստիկան վկաները պատասխանել են, թե այդ քաշքշուկի ու աղմուկի մեջ դժվար էր որեւէ կոնկրետ բան լսել:

Բացի այդ, թեեւ ոստիկանները հերքում էին, թե ժողովրդի ու ոստիկանների միջեւ քաշքշուկ է եղել, սակայն նրանցից մեկը, միամտաբար նշել է, որ Քիրամիջյանին բերման ենթարկելիս «բրթբրթում» էին մարդկանց, որ ճանապարհ բացեն:

Դատական նիստին ներկա չեն եղել գործով անցնող մի քանի վկաներ, որի առնչությամբ մեղադրող կողմը միջնորդել է նրանց բերման ենթարկել դատարան: Հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին ոստիկանները թույլ չեն տվել ՀԱԿ-ի ակտիվիստներին զբոսնել Ազատության հրապարակում: Նրանք երիտասարդներին, որոց թվում են եղել լրագրողներ, բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Հետագայում «Հայկական ժամանակ»-ի լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է կալանք, սակայն հետո ազատ են արձակել նրան Ի դեպ, Սարգիս Գեւորգյանը Անիի եղբայրն է: