Միացյալ Նահանգների արձագանքը հայ-ռուսական վերջին զարգացումներին դիվանագիտական ապտակ է Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Մարկ Թոների հայտարարությունը:
«Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը դրական եւ ինչ-որ չափով սպասված եմ համարում այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ-ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից եւ անվտանգությունից»,- նշել է Շարմազանովը:
Հանրապետական պատգամավորը նկատել է, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես վերահաստատում է հայ-ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը: «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին եւ ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ ամերիկյան դրական շեշտադրումը, կապված Ռուսաստանի ՄԽ միջնորդական առաքելության հետ, թե «Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է եւ այս առումով կառուցողական դեր է խաղում», դիվանագիտական ապտակ է Բաքվին եւ նրա հովանավորյալին:
«Վաշինգտոնի այս մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի Սանկտ-Պետերբուրգյան առաջարկները մշակվել եւ ներկայացվել են ոչ թե միայն Կրեմլի կողմից, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,- ամփոփել է հանրապետական գործիչը:



























