Հայաստանի կառավարությունը այսօր՝ օգոստոսի 26-ին հաստատեց ճգնաժամային կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կազմում արդեն իսկ գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որի գործառույթները առնչվում են արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների սպասարկմանը: Սակայն կառավարությունում գտնում են, որ այն իր կառուցվածքով եւ տեխնիկական հագեցվածությամբ, լուրջ ճգնաժամերի պարագայում ի զորու չէ նպատակաուղղված եւ արդյունավետ կառավարում իրականացնել։

Նոր կենտրոնի ստեղծմանն աջակցելու են միջազգային դոնորները, ենթադրվում է՝ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն եւ այլն։ Աջակցության համար անհրաժեշտ գումարը կազմում է 5,3 մլրդ դրամ (14,4 մլն դոլար)։ Ի դեպ՝ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը առաջարկեց ֆինանսավորման արտաքին աղբյուրների մասին դրույթը հատուկ ամրագրել որոշման մեջ, այդ կերպ՝ բյուջեից «ցանելով» դրա համար գումար հատկացնելու խնդիրը։