«Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական նախաձեռնությունը պատրաստվում է հայցով դիմել ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երեւանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ:
Նախաձեռնության անդամները հայցի հիմք են ընդունել ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու եւ քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստը:
«Մենք համարում ենք, որ «Ուսանողական այգում» շինարարությունը տեղի է ունենում օրենքի կոպիտ խախտումներով, որոնց մի մասին տեղյակ ենք, մի մասն էլ ենթադրում ենք եւ հույս ունենք, որ դատարանը կպարզի։ Խախտվել է քաղաքաշինության մասին 17-րդ հոդվածը, որով հանրային տարածքները այլ նպատակով օգտագործելու դեպքում նախատեսվում է հանրային քննարկումներ անցկացնել շրջակա տարածքի բնակիչների հետ։ Բազմաթիվ այլ խախտումներ էլ կան, որովհետեւ մեզ մինչեւ հիմա չեն տալիս շինարարության թույլտվության հետ կապված փաստաթղթերը, տեսչական ստուգման արդյունքները եւ այլն»-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը՝ հավելելով. «Եթե հանկարծ վարչական դատարանը հայցը չբավարարեց, մենք կշաժվենք առաջ, մինչեւ հնարավոր բոլոր ատյաներով անցնելը»։
Հիշեցնենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել «Ուսանողական այգում» ծավալաված շինարարությունը։ Այնտեղ ներկայումս երկու սրճարան է կառուցվում։ Նշենք որ նախաձեռնությունը նաեւ ստորագրահավաք էր կազմակերպել ուղղված ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին, որին մասնկացել են ավելի քան 16000 քաղաքացիներ։




























