Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, չի դադարեցնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ, արդար եւ տեւական կարգավորմանը: «Հունիսի 26-ին Փարիզում միջնորդ երկրների նախաձեռնությամբ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Սկզբում նախարարներն առանձնազրույց են ունեցել միջնորդների հետ, այնուհետեւ հանդիպել են միջնորդների ներկայությամբ եւ քննարկել են այն հարցերը, որոնք կարող են նպաստել այն դրական առաջընթացին, որը նախանշվեց Սարգսյան-Ալիեւ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպմանը: Բանակցություններում ամրապնդվեցին այն հաջողությունները, որ ձեռք էին բերվել Սանկտ Պետերբուրգում եւ որոշվել են այն ոլորտները, որտեղ հնարավոր է դրական արդյունքների հասնել եւ որոնց վերաբերյալ Մինդկի խումբը նոր առաջարկություններ է արել: Այս համատեքստում միջնորդները որոշել են հաջորդ ամսվա սկզբին այցելել Բաքու, Երեւան ու Լեռնային Ղարաբաղ երկու նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար: Այս առնչությամբ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, այդպիսով բարձր մակարդակի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի կեսին Մոսկվայում»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: