Շուտով մի քանի ոստիկաններ պատժվելու են մարտի 1-ին կատարած ապօրինությունների համար: ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ մի քանի դրվագով նյութեր են ուղարկվել քննչական ծառայություն, եւ «ըստ արժանվույն էլ նրանց արարքի գնահատականը կտրվի»:

Մարտի 1-ից անցել է մեկեւկես տարի, բայց առ այսօր պատասխան չի տրվել հարցին, թե որ ոստիկաններն են սպանել ցուցարարներին: Արդյոք երբեւէ կիամանա՞նք դա. Լրագրողների այս հարցը հունից հանեց ոստիկանապետին, եւ նա զայրացած ասաց. «Ցավոք, հարցերի ծանրությունը ուզում եք դնել ոստիկանության վրա: Քննաչական խումբը շարունակում է աշխատել: Ավելին, հանել ենք բոլոր տեսանյութերը: Նույնիսկ ոստիկանների քաշքշոցը: 2-3 փաստով մենք ինքներս ենք գործերը ուղարկել քննության: Շուտով դրա մասին էլ կլսեք: Ըստ արժանվույն էլ նրանց արարքի գնահատականը կտրվի»:

Բայց դա միայն մանր դեպքերով, իսկ սպանությունների մասով ոստիկանապետը չի էլ լսել, որ որեւէ ոստիկան մարդ սպանած լինի: Մամուլում վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ մի շարք բարձրաստիճան ոստիկաններ եւ մարտի 1-ին ցուցարարների, անգամ ոստիկանության՝ իրենց հրամանին չհնազանդվող ծառայողների են գնդակահարել: «Ինչո՞ւ եք քավության նոխազ գտել ոստիկանությանը: Ոստիկան եք ուզում պատժվի, խնդրեմ, շուտով կպատժվեն, ով մարդ է ծեծել»,- նշեց ոստիկանապետը եւ հավելեց, որ ամեն դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվել: