Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջկենտրոնում ջրի խնդիրը բավական սուր է ամռան ընթացքում, չնայած նրան, որ վերջին ժամանակներս իրականացվել են քաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ըստ Մարտունու քաղաքապետ Նելսոն Մուսայելյանի, մի շարք թաղամասեր զրկված են ջրից այն պատճառով, որ ցամաքել է քաղաքի հիմնական մասը սնուցող աղբյուրը։ Քաղաքի ղեկավարությունը աջակցելու խնդրանքով դիմել է հանրապետության վարչապետին, որն օգնել է լուծել խնդիրը արտեզյան աղբյուրին միանալու ճանապարհով։ Քաղաքապետարանում պնդում են, որ մոտ ժամանակներս Մարտունին լիովին ապահովված կլինի ջրով։
Քաղաքը գրեթե 100%-ով գազաֆիկացված է։ Որոշակի աշխատանքներ են կատարվել փողոցների լուսավորման ուղղությամբ, բարեկարգման կարիք ունեն նաև ճանապարհները։ Ըստ քաղաքապետի, այս տարի քաղաքի բարեկարգման շուրջ աշխատանքներ գրեթե չեն կատարվել այն պատճառով, որ կառավարությունը դրա համար գումար չի հատկացրել՝ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով։ Սակայն տեղի բյուջեում հաջողվել է 3 մլն. դրամ գտնել, որն էլ կուղղվի բարեկարգման հարցերի լուծմանը։



























