Օգոստոսի 27-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջին անգամ շոշափել է իր հետնորդի թեման: Վրաստանի հաջորդ նախագահի անունը հնչել է ակնարկի ձեւով` առանց հստակության: Սահակաշվիլիի նախագահական ժամկետն ավարտվում է 2013 թվականին:
«Այսօր, Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ երկրի ցանկացած ազգության ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի հաջողության հանսել եւ կարիերա անել: Նախագահ կարող է դառնալ Շաշկինը, Կուրբանովը կամ մեկ այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ, որովհետեւ մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որտեղ Վրաստանի ժողովուրդն իրեն զգում է որպես մեկ ամբողջություն»,-հայտարարել է Սահակաշվիլին:
«Այստեղ է գտնվում Դմիտրի Շաշկինը (Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարը), ում անունն ու ազգանունը ռուսական են: Նրա հայրն, ի դեպ, եղել է Սահմանադրական դատարանի արժանի անդամներից մեկը: Դմիտրին ինձ համար ամենակարեւոր նախարարությունն է ղեկավարում: Հույս ունեմ, որ կանցնի ժամանակ եւ պատմաբանները նրա գործունեությունը կգնահատեն որպես կարեւոր պետական, վրացական, ազգային գործչի գործունեություն: Եւ իհարկե, նա կլինի այլ պաշտոնի, բնականաբար»,- նշել է Վրաստանի նախագահը, ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք այս տարի ուսանող են դարձել:
Միաժամանակ, ըստ վրացական լրատվամիջոցների, Դմիտրի Շաշկինը կարող է նշանակվել վարչապետի պաշտոնում: Ինքը` Շաշկինը հերքել է այդ լուրերը:



























