Microsoft-ի ստեղծողներից Փոլ Ալենը մեղադրել է Apple, Google, Yahoo, Facebook եւ եւս 9 առաջատար ընկերությունների, որոնց շարքում են AOL-ը եւ eBay-ն, արտոնագրային օրենսդրությունը խախտելու մեջ: Ալենը Interval Licensing ընկերության սեփականատերն է:

Դատարան ուղարկված փաստաթղթերում ասվում է, որ հայցվորը պահանջում է անմիջապես դադարեցնել,  Interval Licensing-ի կողմից արտոնագրված տեխնոլոգիաների, իր կարծիքով, անօրինական օգտագործումը, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել դրանք օգտագործելու համար:

Հայցում նշվում են 4 տարբեր արտոնագրեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ընկերության աշխատանքներին: Օրինակ, արտոնագրերից մեկը թույլ է տալիս կայքում ցույց տալ միմյանց առնչություն ունեցող հոդվածները, այն դեպքում, երբ վերը նշված կայքերը օգտագործողներին առաջարկում են թեմային առնչվող հղումներ, գրում է iphoneroot.com-ը:

Այս հայցի պատասխանը չի ուշացել: Google, Facebook եւ eBay ընկերությունների ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ մտադիր են ապացուցել իրենց հասցեագրված մեղադրանքների անհիմն լինելը: Փոլ Ալենը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, 2010-ի հուլիսին հայտարարել է, որ իր ողջ կարողությունը` 13,5 մլրդ դոլար, թողնում է բարեգործական կազմակերպություններին, հաղորդում է Lenta.ru-ն: