Հայաստանում թեժ աշուն է սպասվում: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարզային այցելություններից մեկի ժամանակ հայտարարել էր, թե աշնանը իրավիճակի փոփոխություն է սպասվում:

NEWS.am-ի հարցին, թե որոնք են այդ փոփոխության նախադրյալները, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե գլխավոր նախադրյալը իշխանությունների ձախողումն է հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցում, բացի դրանից կան նաեւ խնդիրներ՝ կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱԿ մարզային այցելությունների ժամանակ հավաքված նոսր զանգվածը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը «մաշվում» է, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք որեւէ զանգվածային միջոցառում չեն կազմակերպել մարզերում՝ ոչ հանրահավաք, ոչ երթ։ Այցելել էինք քաղբանտարկյալների ընտանիքներին՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով, եւ այդ ընթացքում հավաքվածները հարազատներ, բարեկամներ, կամ մարդիկ էին, որոնք համակիր են ՀԱԿ-ի շարժմանը եւ դրա հետ կապված որեւէ դատողությունը համարում եմ անիմաստ»:

Զուրաբյանը նաեւ նշեց, թե այն մարզերում, որտեղ չկան քաղբանտարկյալներ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները աշխատանքային այցեր կկատարեն եւ կհանդիպեն տեղի ակտիվիստների հետ, բայց այդ այցերը չեն ենթադրում զանգվածային հավաքներ։

Հիշեցնենք, որ օգոստոսին 18-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել էին Իջեւան՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տուն։ Այնտեղ նաեւ հանդիպել էին ՀԱԿ-ի ակտիվիստների հետ։ Օգոստոսի 8-ին էլ Վանաձոր՝ Աշոտ Մանուկյանի հարազատներին էին այցելել։ Օգոստոսի 7-ին ՀԱԿ ներկայացուցիչները եւ առաջին նախագահը եղել են Շիրակի մարզում՝ Մարալիկ, Թալին, ապա Հրազդանում։ Կոնգրեսը պատրաստվում է այցելել դեռեւս անազատության մեջ գտնվող գործիչների ընտանիքներին։