Խորթ հոր սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը դեռեւս կրկնակի դատահոգեբանական փորձաքննության չի ենթարկվել, թեեւ դատարանը որոշումը կայացրել էր մոտ 3 ամիս առաջ:
«Հուլիսի 24-ին դատարանը որոշում կայացրեց լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն առ այսօր այն չի իրականացվել: Ըստ երեւույթին, փորձագետները գերծանրաբեռնված են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը, որն էլ միջնորդել էր կրկնակի փորձաքննություն նշանակել:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:
2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:
Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։





























