Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում, որտեղ սեպտեմբերի 10-ին դպրոցականների զանգվածային թունավորում էր տեղի ունեցել, ճաշարանը դեռեւս չի գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադեւոսյանը:

«Որեւէ խնդիր չունենք, մեզ ոչ ոք առաջարկ չի ներկայացրել համագործակցության: Մենք չենք էլ անհանգստանում, քանի որ ծնողներն արդեն սովորել են, որ երեխաների հետ ուտելիք պետք է ուղարկեն դպրոց»,- ասաց Ռուզան Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի հայտարարության՝ Արարատի մարզային սննդի անվտանգության տեսչության նախնական ուսումնասիրության արդյունքներով կարտոֆիլով կարկանդակի, չամիչով բուլկու, գաթայի եւ խաչապուրու մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, որոնք մարդկային սանիտարահիգիենիկ պայմանների չպահպանման արդյունք են:

ՍԱՊԾ-ից էլ մեզ հայտնել էին, որ բուֆետից նմուշառված խորիզով գաթայի, կարտոֆիլով կարկանդակի, բուլկիի եւ կեքսի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:

Ժամանակավորապես դադարեցվել է դպրոցի սննդի կետի գործունեությունը:

Թունավորման դեպքի հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: