Ամերիկյան Նյու Յորք նահանգի Նյու Հարթֆորդ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցու այցելուները մի քանի ժամ ծեծել են երկու երիտասարդ տղաների՝ ստիպելով, որ նրանք խոստովանեն մեղքերը: 19-ամյա Լուկաս Լեոնարդը ծեծի հետեւանքով մահացել է, իսկ նրա 17-ամյա եղբայր Քրիստոֆերը լուրջ վնասվածքներ ստացել:
AP-ի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ի երեկոյան: «Մի քանի ժամ շարունակ նրանք ծաղրուծանակի էին ենթարկում տղաներին՝ հույս ունենալով, որ նրանք կխոստովանեն իրենց մեղքերը ու թողություն կհայցեն»,- հայտնել է Նյու Հարթֆորդ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ինսերան:
Պատանիները վնասվածքներ էին ստացել որովայնի, սեռական օրգանների, գոտկատեղի ու կոնքերի հատվածներում: Ծեծին մասնակցել են եկեղեցու չորս այցելուներ, նաեւ տղաների ծնողները՝ Բրյուս ու Դեբորա Լեոնարդը ու ավագ քույրը՝ Սարա Ֆերգյուսոնը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 12-ին ազգականները ավագ որդուն հիվանդանոց են տարել: Պատանին հիվանդանոցում մահացել է: Իսկ կրտսեր որդուն գտել են եկեղեցու երկրորդ հարկում ու տարել բժշկի, հայտնում է Lenta.ru-ն:
Դեռահասի ծնողներին ձերբակալել են սպանության մեղադրանքով, իսկ եկեղեցու մյուս չորս անդամներին, այդ թվում զոհվածի ավագ քրոջը՝ ֆիզիկական բռնության մեղադրանքով:
Կասկածյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց յոթ երեխաներին, որոնցից չորսը՝ Սարա Ֆեգյուսոնի զավակներն էին, փոխանցել են խնամակալության ու պաշտպանության մարմիններին:




























