Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 15-ին Աստանայում քննարկում են երկկողմանի հարաբերություններն ու Եվրասիական տնտեսական միության զարգացումը: Այս թեման Պուտինն է առաջարկել Նազարբաեւին՝ բացելով հանդիպումը նեղ կազմով:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ պետական այցի կարգավիճակը, որով նա Ղազախստան է այցելել, «շեշտում է մեր հարաբերությունների մակարդակն ու բնույթը»: Ռուսաստանի ու Ղազախստանի փոխգործունեությունը նա բնութագրել է որպես «ոչ թե զուտ վստահելի, այլ դաշնակցային հարաբերություններ՝ բոլոր իմաստներով»:

Պուտինը համաձայնել է, որ ամբողջ աշխարհի եւ նաեւ երկու երկրների տնտեսությունները հիմա բարդ ժամանակներ են ապրում, սակայն նկատել է, որ Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ռուբլու արտահայտությամբ աճ է արձանագրում: ՌԴ նախագահը նաեւ կարեւորել է փոխադարձ ներդրումների մեծ ծավալը:

Պուտինի խոսքով, երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում այդ թվում ԵՏՄ-ն: «Մենք արդեն մեր շատ գործընկերներից ենք առաջարկներ ստացել՝ տնտեսական միավորումների միջեւ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, նրանք տարբեր ձեւաչափերով Եվրասիական միության հետ համագործակցելու ցանկություն են հայտնում,-շեշտել է ՌԴ նախագահը,- Այդ ամենը կլինի մեր քննարկման թեման»:

Նազարբաեւն էլ իր հերթին իր գործընկերոջը վստահեցրել է, որ Ղազախստանը «եղել է ու մնում է Ռուսաստանի ամենամոտ ու հուսալի հարեւանը»: Նազարբաեւը նույնպես արձանագրել է ԵՏՄ-ի զարգացումը: «Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- շեշտել է նա:

Ղազախստանի նախագահը նաեւ Պուտինին առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել «տարածաշրջանային ու միջազգային բնույթի սուր խնդիրները »,հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը պետական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ի երեկոյան: Երկու առաջնորդների բանակցությունները հոկտեմբերի 15-ին անցնելու են եւ նեղ, եւ ընդլայնված կազմով, դրանց արդյունքներով նախատեսված է համատեղ փաստաթղթեր ստորագրել:

Հոկտեմբերի 16-ին Պուտինը մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի՝ եւ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին, որոնք անցնելու են Բուրաբայ ավանում: